Մադրիդում մեկնարկել է «Հայկական բժշկական միջազգային կոնգրես»-ը
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Universidad Complutense de Madrid»-ում, մեկնարկել է «Հայկական բժշկական միջազգային կոնգրես»-ը, որը միավորել է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայազգի առաջատար բժիշկներին և գիտնականներին։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է Մադրիդում՝ ակտիվ մասնակցություն ունենալով կոնգրեսի աշխատանքներին։
Կարեն Ծառուկյանն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ու միջազգային չափանիշներին համահունչ բժշկական ծառայությունների մատուցման հնարավորություններին վերաբերող հիմնահարցերին, ոլորտում առկա գիտական և կլինիկական ներուժին, ինչպես նաև մեր կենտրոնի ապագա ռազմավարական ծրագրերին ու զարգացման հեռանկարներին:
Ուռուցքաբանության ոլորտի քննարկումների և զեկուցումների մոդերացիայի պատիվը վստահվել է հենց ՈՒԱԿ պատվիրակությանը՝ որպես ոլորտում հեղինակավոր և առաջատար կենտրոնի։ Ինչպես նաև մեր պատվիրակության անդամները ներկայացրել են շուրջ մեկ տասնյակ զեկույցներ:
Նշենք նաև, որ մեր կենտրոնում իրականացվող երեք գիտական աշխատանքներ ընդգրկվել են կոնգրեսի բանավոր զեկուցումների ծրագրում և ներկայացվել մրցույթի՝ «Երիտասարդ գիտնականի մրցանակ» (Young Scientists Award) անվանակարգում, ինչը հերթական անգամ ընդգծում է մեր մասնագետների գիտական ներուժն ու միջազգային հարթակում ունեցած բարձր գնահատականը։