Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում
ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։ Միջոցառումը միավորել էր նեֆրոլոգիայի, ուռուցքաբանության և նեֆրոպաթոլոգիայի ոլորտների մասնագետների՝ գիտելիքների փոխանակման, նոր մոտեցումների քննարկման և միջազգային մասնագիտական կապերի ձևավորման նպատակով։
Սիմպոզիումի շրջանակում Մանյա Քարամյանը ներկայացրել է ՈւԱԿ-ում իրականացվող հետազոտությունը՝ «Երիկամի քաղցկեղով պացիենտների ենթակլինիկական կծիկային ախտահարումները» թեմայով։ Հետազոտությունն ընտրվել էր սիմպոզիումում ներկայացված 15 պոստերների շարքում։
Մասնակցությունը նշանավորվել է նաև American Society of Onconephrology (ASON) Scholarship Award-ով․ Մանյա Քարամյանը մրցանակի 6 ստացողներից մեկն է դարձել։
Հավելենք, որ օնկոնեֆրոլոգիան բժշկության զարգացող ուղղություն է, որը գտնվում է ուռուցքաբանության և նեֆրոլոգիայի հատման կետում՝ ներառելով քաղցկեղով պացիենտների երիկամային բարդությունների գնահատումն ու բուժումը, հակաուռուցքային թերապիայի նեֆրոտոքսիկության կառավարումը, էլեկտրոլիտային խանգարումները, երիկամի բիոպսիան, ինչպես նաև ծանր երիկամային անբավարարության դեպքում դիալիզի կազմակերպումը։
Հայաստանում այս ուղղության զարգացումը ՈւԱԿ-ում սկսվել է 2021 թվականից՝ քաղցկեղով պացիենտների երիկամային բարդությունների մասնագիտացված գնահատմամբ և վարմամբ։ Հետագա տարիներին կենտրոնում ներդրվել են նաև հեմոդիալիզի ծառայությունը (2023) և երիկամի բիոպսիայի ծառայությունը, ինչը հնարավորություն է տվել ընդլայնել օնկոլոգիական պացիենտների ախտորոշման և բուժման հնարավորությունները։
Շարունակական մասնագիտական կրթությունը և միջազգային գիտական հարթակներում ներկայությունը կարևոր են բժշկական գիտելիքի զարգացման, նոր կլինիկական մոտեցումների ներդրման և միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Բոստոնում ձեռք բերված գիտելիքներն ու մասնագիտական կապերը նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանում օնկոնեֆրոլոգիայի հետագա զարգացման համար։










