ԱԷՄԳ պատվիրակության այցը Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-ը հյուրընկալել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությանը։ Այցը կայացել է ՀՀ Առողջապահության նախարարության և ԱԷՄԳ-ի համագործակցությամբ Հայաստանում իրականացվող գնահատման առաքելության (General Review Mission) շրջանակում, որի նպատակը Հայաստանի մասնագիտական ներուժի և կրթական կարիքների գնահատումն է երեք կարևոր ուղղություններով՝ ռադիոթերապիա, ախտորոշիչ ռադիոլոգիա և միջուկային բժշկություն։
Պատվիրակության կազմում էին՝ ճառագայթային ուռուցքաբան, ԱԷՄԳ փորձագետ Պրիմոժ Ստրոյանը, ռադիոլոգ, ԱԷՄԳ փորձագետ Սաշա Վույնովիչը, ճառագայթաբուժության տեխնոլոգ (RTT), ԱԷՄԳ փորձագետ Վելիմիր Կարաձան, և բժշկական ֆիզիկոս Օլիվերա Ցիրայ-Բյելացը։
Կենտրոն ժամանած հյուրերին նախ ընդունել է ՈՒԱԿ տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Ծառուկյանը։ Վերջինս իր խոսքում կարևորել է ՈՒԱԿ-ի և ԱԷՄԳ-ի երկարամյա համագործակցությունը՝ նշելով, որ գործակալության աջակցությամբ տարիներ շարունակ հաջողվել է զարգացնել ճառագայթային թերապիայի և ռադիոլոգիայի ոլորտները Հայաստանում։
Այնուհետև պատվիրակները, ՈՒԱԿ Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., ճառագայթային ուռուցքաբան Թաթուլ Սաղաթելյանի և Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի վարիչ Էվելինա Բախշինյանի ուղեկցությամբ, շրջել են հիվանդանոցում, այցելել ՈՒԱԿ բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենք, ծանոթացել տեղում կիրառվող սարքավորումներին և բուժման ժամանակակից մեթոդներին։
Շրջայցի ընթացքում պատվիրակները եղել են նաև Հեռահար ճառագայթային թերապիայի և ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի, ճառագայթային ախտորոշման բաժանմունքներում, որտեղ ուսումնասիրել են պայմանները, տեխնիկական միջոցները և ծանոթացել արդեն գործարկված ու նոր ձեռքբերված ՄՌՏ, ճառագայթային դիագնոստիկայի և մամոգրաֆիայի սարքերին։
Քննարկվել են նաև ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ազգային ծրագրի իրագործման ընթացքին վերաբերվող մի շարք հարցեր։
Այս այցը ոչ միայն ընդգծում է ԱԷՄԳ-ի շարունակական պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ուռուցքաբանական ծառայությունների զարգացմանը, այլև հաստատում է ՈՒԱԿ-ի առաջատար դերը տարածաշրջանում՝ որպես քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման կարևոր հարթակ։